Դատարանը մերժել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի եւ Կարեն Հունանյանների դիմումը՝ իրենց պատիժը վերանայելու եւ Քրեական օրենսգրքում 2011թ. մայիսի 23-ին  կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու պահանջով։

HRA.am կայքի փոխանցմամբ, Հունանյանների պաշտպան Տիգրան Գրիգորյանը հայտնել էր, թե նրանց նկատմամբ կիրառված ցմահ ազատազրկումը փոխարինվի 20 տարվա ազատազրկմամբ. Սակայն դատարանը մերժել է՝ հիմնավորելով, որ նրանք կատարել են հանրորեն վտանգավոր արարք եւ ստացել են համարժեք պատիժ:

Նույն պահանջով դատարան է դիմել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Նրա պաշտպան Կարապետ Աղաջանյանը փոխանցել էր, որ Գրիգորյանը միաժամանակ դիմում է ներկայացրել, որպեսզի լսումներին ներկա լինեն նաեւ ինքն ու իր պաշտպանը։ Աղաջանյանը դեռեւս գրություն չի ստացել նիստի օրվա մասին։

Նշենք, որ Նաիրի Հունանյանը իր չորս հանցակիցների հետ 1999թ. հոկտեմբերի 27-ին ներխուժել էր Ազգային Ժողովի նիստերի դահլիճ` ահաբեկչություն իրականացնելու: Ոճրագործության հետեւանքով սպանվել էին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, նախարարներ, պատգամավորներ: Ահաբեկիչները դատապարտվել էին ցմահ բանտարկության: