Թեեւ մենք ուշադրություն ենք դարձրել վերջին շրջանում արված որոշ հայտարարությունների, որ ռուսական ռազմական ներկայությունը կարող է դիտվել  որպես անվտանգության սպառնալիք, բայց ես դրան ավելի շատ վերաբերում եմ որպես հռետորաբանության տարր, որը չի արտացոլում Հայաստանի ղեկավարության իրական դիրքորոշումը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա պարզաբանել է, որ լուծելով կայունության պահպանման, անվտանգության տեսանկյունից խոցելի շրջանների բնակչության անվտանգության ապահովման խնդիրը՝ Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում է տարածաշրջանում, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների ամբողջ համալիրի քաղաքական կարգավորման ուղղությամբ։

«Պատճառաբանությունն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, հեռանում է, ամենայն հավանականությամբ, ցանկության հնչեցում է։ Ըստ երեւույթին, մարդիկ հույս ունեն, որ միտքը նյութական է, եւ որ  այդ մասին անընդհատ բարձրաձայնելով այն կարող է կատարվել։ Ամենայն վստահությամբ ասեմ, որ դա Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում։ Հարավային Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է, եւ Ռուսաստանը դե ֆակտո այդ տարածաշրջանի մի մասն է՝ եւ՛ աշխարհագրության, եւ՛ պատմության գոյություն ունեցող կապերի շնորհիվ։ Բացի այդ, մենք պարտավորություններ ունենք Հայաստանի նկատմամբ։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել այդ պարտավորություններից։ Մեր մտացածին հեռանալու մասին խոսակցությունները շահարկումներ են»,-նշել է դիվանագետը։