Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին NEWS.am տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու եւ առանց որեւէ նախապայմանի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը: