ՌԴ Արտյոմովսկի քաղաքային դումայի պատգամավոր Գենադի Վինոգրադովը հերքում է, որ քաղաքում վերջերս տեղի ունեցած հակամարտությունը կատարվել է ազգային հողի վրա։

Պատասխանելով այն հարցին, թե իբր հայերը ծեծել են ռուս երիտասարդներից մեկին, Վինոգրադովը պատասխանեց. «Քաղաքում կարծում էին, որ հայերն են մեղավոր, սակայն հետո պարզեցին, որ նրանք կապ չունեն»։

«Հենց դրա համար էլ եղել է հավաքը՝ ինքներս մեզ համար պարզելու նպատակով, հանդիպումը հայերի մասով չի եղել։ Բայց որ նրանք մեզ «քաշել» են, ես դրանում վստահ եմ։ Այն, որ քաղաքը վաղուց ղեկավարում են հայերը, ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ոստիկանությունը նրանց հետ է, դա եւս բոլորին վաղուց հայտնի է։ Մի քանի տարի առաջ ռուսներն ընդհանրապես չէին կարող երեկոյան քայլել քաղաքում։ Այժմ իրավիճակը սկսել է փոխվել։ Ինչ խոսք, դժվար է առաջ ընթանում։ Երիտասարդները երիտասարդներ են, աստված գիտի՝ ինչ կա նրանց գլխում։ Մենք չենք կարող նրանց բոլորի փոխարեն պատասխանել»,- հայտարարել է նա «Կոմսոմոլսկայա պրավդային»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում սեպտեմբերի 14-ի երեկոյան շուրջ հարյուր մարդու մասնակցությամբ ծեծկռտուք էր կանխվել։ Տեղի ժամանակով 20։00-ին Արտյոմովսկի ճանապարհին մոտ գտնվող սրճարանում, որը Եկատերինբուրգից 120 կմ հեռավորության վրա է, տեղացի եւ հարեւան բնակավայրերից եկած երիտասարդների խումբ էր հավաքվել՝ ավելի քան 100 հոգի։  

«Կոմերսանտ» թերթի տվյալներով, ոստիկանական հատուկ ջոկատի կողմից կանխված ծեծկռտուքը եղել է տեղական սլավոնական երկու մեծ խմբերի անդամների հանդիպում։ Նրանք հավաքվել էին, որպեսզի ուժերը միավորեն քաղաքում ամենաուժեղ հայկական հանցավոր խմբավորման դեմ։