Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ 19-րդ դարի զավթողական քաղաքականության վերականգնման փորձի դեպքում Ռուսաստանը «կփլուզվի»։ Նմանօրինակ հայտարարություն երկրի ղեկավարն արել է սեպտեմբերի 16-ին, հայտնում է newsgeorgia.ru-ն։

«Ռուսական կայսրությունը շատ ծանր վիճակում է։ Եթե Ռուսաստանում ճգնաժամը շարունակվի, եթե չդադարեցվի 19-րդ դարի զավթողական քաղաքականության վերականգնման փորձը, Ռուսաստանի թուլացումն ու փլուզումն անխուսափելի են»,- ասել է նախագահը՝ օրինակ բերելով Օսմանյան կայսրությունն ու թաթար-մոնղոլական հորդան:

Միաժամանակ, Սահակաշվիլիի խոսքով, Ռուսաստանի անկումը «Վրաստանի բոլոր խնդիրները չի լուծի»։ «Եթե կայսրությունը փլուզվի, մենք չենք թուլացնի մեր ուշիմությունը, քանի որ դրան կարող են հաջորդել քաոսային իրադարձություններ եւ հենց այդ ժամանակ վրացական պետության ուժը եւ նրա բանակի մարտունակությունը որոշիչ դեր կխաղան Վրաստանի պահպանման համար»։