Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ապրանքաշրջանառության աճի նախադրյալներ կան, կողմերը մտադիր են այն հասցնել 5 միլիարդ դոլարի, «ՌԻԱ Նոոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Էլ Ռիադում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոզլովը։
Նրա խոսքով, երկկողմ առեւտրատնտեսական կապերը բնութագրվում են դրական դինամիկայով, թեեւ, նախնական տվյալներով, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ռուս-սաուդյան ապրանքաշրջանառության արժեքը փոքր-ինչ նվազել է։
«Բայց դրա ծավալը՝ 1,6 միլիարդ դոլար, բավականին նշանակալի է։ Մեր կարծիքով, լավ նախադրյալներ կան 2023 թվականին հետագա աճի համար։ Ավելին, եւ՛ ռուսական, եւ՛ սաուդյան կողմերը տեսանելի ապագայում մտադիր են հասնել Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի բարձրագույն ղեկավարության կողմից սահմանված 5 միլիարդ դոլարի ցուցանիշին», - ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ Մոսկվան Ռիադին տեսնում է որպես հեռանկարային առեւտրատնտեսական գործընկեր, որի դերը համաշխարհային եւ տարածաշրջանային հարցերում անշեղորեն աճում է։





























