Ավստրալացի սենատոր Սայմոն Բիրմինհեմը, որը կարեւոր դերակատարություն ունի այդ երկրի արտաքին քաղաքականությունում, Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը, տեղեկացրել է Ավստրալիայի Հայ դատի կոմիտեն։

Սենատոր Բիրմինհեմը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Լիբերալ եւ Ազգային կոալիցիան ճանաչի Ադրբեջանի պատասխանատվությունը քաղաքացիական անձանց, փոխադրամիջոցների եւ բեռների անվտանգ տեղափոխման երաշխիքների հարցում եւ կոչ է արել հետեւել 2020թ. նոյեմբերի եռակողմ համաձայնագրին։

Այս անգամ, պատասխանելով Ավստրալիայի Հայ դատի կոմիտեի ղեկավարի առաջին օգնական Արիս Պետրոսյանին՝ սենատոր Բիրմինհեմը գրել է, որ հայտարարությունն «արտացոլում է կոալիցիայի անփոփոխ աջակցությունը շրջանում թեժացման տանող գործողությունների դադարեցման հարցում։ Անցած տարվա սեպտեմբերին ես կոչ էի արել դադարեցնել մարտական գործողությունները եւ հարձակումները քաղաքացիական անձանց, նրանց տների եւ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ»։

Սենատոր Բիրմինհեմը խոստացել է շարունակել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության  շրջափակման հարցի եւ հարցին Ավստրալիայի կառավարության արձագանքի դիտարկումը։

Ավստրալիայի Հայ դատի կոմիտեի ներկայացուցիչներն անցած շաբաթ հանդիպել են սենատոր Բիրմինհեմի գրասենյակի ներկայացուցիչների հետ, անկեղծ շնորհակալություն հայտնել նրանց եւ Ավստրալիայի հայ համայնքին Արցախի ժողովրդին աջակցության եւ ադրբեջանական վարչակարգը պատասխանատվության ենթարկելու գործունեության համար։

Ավստրալիայի Հայ դատի կոմիտեի գործադիր տնօրեն Մայքլ Կոլոկոսյանը հայտարարել է, որ ելնելով այն բանից, որ Արցախում պարենի պաշարները սպառվում են, «մենք պետք է ավելի վճռական հայտարարություններ անենք մեր ղեկավարների կողմից։ Այն, ինչ ստացել ենք սենատոր Բիրմինհեմից, հենց նման հայտարարություն է»։

«Միջազգային հանրությունն այլեւս կասկած չունի, որ Ադրբեջանը շուրջօրյա շրջափակում է Արցախի կենսականորեն կարեւոր ճանապարհը։ Դա հովանավորում է պետությունը։ Մենք ավելին ենք ակնկալում Ավստրալիայի կառավարությունից, որն Ադրբեջանին ճանապարհը բացելու ուղիղ կոչեր չի անում»,- ավելացրել է Կոլոկոսյանը։