Իշխանություններն իրենք են կրակի վրա յուղ լցնում։ Փետրվարի 13-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ԵՄ առաքելության ներկայությունից ռուսական կողմի դժգոհության շուրջ քննարկումները։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի ցանկացած իշխանության առաջ կոնկրետ խնդիր է դրված՝ չներքաշվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի առճակատման մեջ։ «Մեր խնդիրն այն է, որ բոլոր գործընթացները տեղի են ունենում Ռուսաստանի եւ Արեւմուտքի խորը հակամարտության ֆոնին։

Իշխանություններն իրենց հայտարարություններով հաճախ յուղ են լցնում կրակի վրա։ Ընդ որում անկախ նրանից, թե ինչ նպատակներ են դրանք հետապնդում։ Իրավիճակը հասել է իր գագաթնակետին։ Հատկապես, երբ հասարակությունը թեման դիտարկում է ոչ թե առաքելության գործառույթների համատեքստում, այլ այն, թե ինչի կհանգեցնի Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատման հաջորդ փուլը»,- պարզաբանեց Աբրահամյանը։

Հայաստանի իշխանությունները, ըստ պատգամավորի, ԵՄ առաքելությունը դիտարկում են ոչ թե երկրի անմիջական անվտանգության համատեքստում, այլ որպես Ռուսաստանի հետ Ադրբեջանի վրա համատեղ հարձակման ծրագրերի բացակայության ապացույց: «Ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը ներքաշվի Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայքարի մեջ, ինչի արդյունքում նա հաղթելու շանսեր չի ունենա»,- ասաց ընդդիմադիրը։