Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ժողովրդական ապստամբություններն ու ժողովրդավարական փոփոխությունները, նաեւ խաղաղ կարգավորումը Մերձավոր Արեւելքում կդառնան այն հիմնական թեմաները, որոնք կանդրադառնա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունենալիք իր ելույթում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Այդ ելույթում Իրանի անունը կհիշատակվի երկու համատեքստում: Օբաման, հավանական է, կնշի, որ իրանցիները ցուցյերի էին դուրս եկել նախքան Թունիսի ապստամբությունը, որից սկսվեց «արաբական գարունը»: Նա կխոսի նաեւ Իրանի միջուկային հավակնությունների մասին:
Օբաման կհանդիպի Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլի հետ: Ժողովրդավարական փոփոխություններին աջակցության ցուցաբերումը կլինի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հետ հանդիպման թեմանը, ով, ըստ Սպիտակ Տան, կարեւոր դեր է խաղացել Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններում:
Բացի այդ, Օբաման կհանդիպի նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Այդ երկիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, մեծ դեր են խաղացել Քադաֆիի ռեժիմի դեմ ռազմական գործողություններում: Օրերս Սարկոզին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ եղել է Լիբիայում:
Այս տարի մեծ ուշադրություն կդարձվի պաղեստինցիների ծրագրերին, որոնք ցանկանում են ՄԱԿ-ում քվեարկության դնել պաղեստինյան պետության հաստատման խնդիրը, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ը: Սպիտակ Տունը հայտարարել է, որ Օբաման կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, սակայն նախատեսված չէ հանդիպում Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ:




























