Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում Եվրախորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներգրավման հետեւանքների մասին։ Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ հարկավոր է լավ մտածել ստեղծված իրավիճակի մասին՝ մինչեւ Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին դիմելը։

 «Պետք է պատասխանել. իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է»,- պարզաբանել է Վոլոդինը, որին մեջբերում է Պետդումայի կայքը։

Պետդումայի նախագահն իր հերթին զգուշացրել է եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերի մասին՝ հիշեցնելով, թե ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում։ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրի վրա։

«Եկեք հիմնվենք նրա վրա, որ կա որոշում՝ ընդունված պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք նույնպես կառաջնորդվենք սրանով եւ մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։ «Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների օգտին, կարող են պարզապես կորցնել երկիրը»:

«Նախքան Եվրախորհրդարանին դիմելը եւ այս մարմնին ինչ-որ հարցերի լուծմանը ներգրավելը, պետք է պատասխանել՝ իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Նման օրինակ չկա»,- ասել է Պետդումայի նախագահը։ «Տեսեք, թե ինչ կատարվեց Ուկրաինայում, ինչ հայտարարություններ արեցին Գերմանիայի կանցլեր Մերկելը, իսկ հետո Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Ինչպես պարզվեց, նրանք հիմարացնում էին ամբողջ աշխարհին, նրանք ստում, խաբում էին, իսկ իրենք պատրաստվում էին պատերազմի։

«Որտե՞ղ է այժմ Ուկրաինան։ Այսօր ուկրաինացիները սպառվող նյութ են, մի երկիր, որը պարզապես լցոնված է զենքով։ Հսկայական թվով մարդիկ են մահանում, պետականությունը, մշակույթը վերացել է, կրոնը ոտնահարվել է, եկեղեցին մասնատվել է, առաջարկվող լեզուն անգլերենն է՝ ազգամիջյան հաղորդակցության համար։ Արդյունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղութն է»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։

«Այնպես, ինչպես Միացյալ Նահանգները բարի կամքի եւ օգնելու ցանկության քողի տակ ամեն ինչ հանգեցրին Հարավսլավիայի կործանմանը: Ի դեպ, երբ խաղաղ Բելգրադը ռմբակոծում էին, ոչ մի Եվրախորհրդարան կամ ԵԽԽՎ չմիջամտեց այս իրավիճակին»,- հիշեց Պետդումայի նախագահը։

«Ուստի,  ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին, մենք պետք է 10 անգամ մտածենք եւ կշռադատենք, թե ինչով դա կարող է ավարտվել՝ նկատի ունենալով Ուկրաինայի, Հարավսլավիայի եւ այլ երկրների օրինակը։ Նա, ով խաղաղություն է ցանկանում, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից եւ Եվրախորհրդարանից, այլ հստակ հասկանա, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետեւանքների համար»,- ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը։