ԶԼՄ-ներում հաճախ հայտնվում է տեղեկություն այն մասին, որ ՀԱՊԿ-ը օգնություն չի ցուցաբերում (Հայաստանին), բայց ռազմաքաղաքական իրավիճակը տարբեր է լինում, միշտ չէ, որ ռազմական ուժերով կարելի է այնտեղ «մի ինչ-որ հիվանդություն բուժելու» գործողություն իրականացնել։ Այս մասին ասել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

«Այստեղ «մի վնասիր» սկզբունքը նույնպես պետք է գործի։ Ջանում ենք առավելագույն չափով հետեւել իրավիճակին, որն այնտեղ ստեղծվում է։ Գաղտնիք չէ, որ անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցան ոչ լավ իրադարձություններ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Ավելին, եղան զոհեր թե՛ զինծառայողների, թե՛ խաղաղ բնակչության շրջանում։ Եվ, ընդհանուր առմամբ, տարածքի կորուստ, սպառազինության եւ տեխնիկայի կորուստ»,- նշել է նա։

Սիդորովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, ընդունվել է անհապաղ Հայաստան առաքելություն ուղարկելու որոշում. «Մենք ջանացել ենք ստեղծված իրավիճակի առավել օբյեկտիվ վերլուծություն կատարել եւ ներկայացրել ենք զեկույց պետությունների ղեկավարներին առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ։ Հետո արդեն որոշումներ ընդունելու են պետությունների ղեկավարները։ Մարդիկ մեզ մոտ շատ իմաստուն են, շատ փորձառու, եւ ես կարծում եմ, որ կանեն ամեն ինչ, որպեսզի արդյունքում Կովկասյան տարածաշրջանի տարածքում խաղաղություն տիրի, գտնվի փոխադարձ ընդունելի լուծում Հայաստանի եւ Ադրբեջանի համար եւ, վերջապես, այնտեղ դադարեն բոլոր բախումները»։