Արցախում ոչ ստանդրատ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ, այդ լուծումների անհրաժեշտությունը առաջացել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախում սսահմանադրական հանրաքվե անելու հնարավորությանն ու անհրաժեշտությանը։

«Հիմա նոր իրավիճակ է Արցախում, բնական է, որ լավագույն լուծումների փնտրտուք անընդհատ կա։ Ես վատ բան չեմ տեսնում այս նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա եւս չդառնա ժամանակ ձգելու կամ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն։ Եթե արտառոց մի բան լինի, կամ եթե նախագահը հրաժարական տա ու հնարավոր չլինի նոր ընտրություններ անցկացնելու, գոնե ԱԺ-ն կարողանա երկրի ղեկավար ընտրել, որպեսզի իշխանության վակուում չառաջանա»,- ասաց նա։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ դեռեւս պատերազմից հետո հեռանալու հայտարարությանը, Վարդանյանը նշեց, որ պատերազմից հետո Արցախում կային լուծումներ, դրանց ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, բայց անհրաժեշտ քայլեր չարվեցին։

«Հիմա ունենք ծանրագույն իրավիճակ, մեծ վտանգ, որ հրաժարականների պարագայում իշխանությունը ընդհանրապես կպարալիզացվի, դժվար է նաեւ ենթադրել, որ հնարավոր է այսօր Արցախում լիարժեք ընտրություններ անցկացնել։ Ադրբեջանն այսօր ասում է, որ Արցախ գոյություն չունի, Արցախը Ադրբեջանի մաս է, բայց ողբերգությունն այն է, որ նույնը ասում է ՀՀ իշխանությունը ու հրապարակային որեւէ մասնակցություն չի դրսեւորում այս իրադարձությունների վերաբերյալ։ Հարցն այն է՝ Արցախի այսօրվա ֆորմալ եւ ոչ ֆորմալ ղեկավարությունը ինչպես կկարողանա կազմակերպվել ու դիմակայել երկու կողմերին։ Ես վստահ եմ, որ կկարողանան, որովհետեւ Ադրբեջանի բացարձակապես հայտարարությունները իրավական հիմք չունեն, իսկ Հայաստանի իշխանություններին դիմակայելը կարծում եմ՝ ուղղակի անհրաժեշտ է»,- ասաց Աղվան Վարդանյանը։