WikiLeaks-ը eBay աճուրդի է հանել տասը լոտ։ Այսկերպ կայքը որոշել է վաստակել այն բանից հետո, երբ արգելափակվել է WikiLeaks-ի հաշվին միջոցների փոխանցումը։Այսպես, eBay-ի միջոցով կարելի է ձեռք բերել Ասանջի՝ լոնդոնյան բանտից վերցրած սուրճի փաթեթներից մեկը։ Այդ բանտում 2010 թվականի դեկտեմբերին նա մնացել էր 10 օր։
Վաճառվում է նաեւ համակարգիչը, որով WikiLeaks-ի թիմը հավաքել եւ հրապարակել է գաղտնի փաստաթղթերը։ Աճուրդի միջոցով կարելի է ուտելիք պատվիրել՝ պատրաստված Ասանջի ընկերոջ՝ շեֆ-խոհարարի ձեռքով, ձեռք բերել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի՝ ՄԱԿ ուղարկած հեռագրի պատճենը՝ ստորագրված նրա կողմից եւ նրա մատնահետքով։ Լոտերի մեկնարկային գինը սկսվում է 315 դոլարից՝ սուրճի փաթեթի համար եւ հասնում կես միլիոն դոլարի՝ համակարգչի համար։ Վերջին նորույթներից է Ասանջի լուսանկարն իր ստորագրությամբ, որն առանց աուկցիոնին մասնակցելու առաջարկվում է գնել 6 հազար եւ ավելի դոլարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով New York Times-ին։
Հիշեցնենք, որ կայքը սկանդալային հռչակ էր ձեռք բերել՝ հրապարակելով տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ աշխարհի տարբեր երկրներում ամերիկացի դեսպանների հեռագրեր։




























