Կան նշաններ, որ Թուրքիան մտադիր է շարունակել ավելի վաղ նախանշված ծրագրերը։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ 

Փորձագետը կարծում է, որ Էրդողանը չի փոխի արտաքին քաղաքական կուրսը։ «Նա հատուկ ընդգծեց միայն Ադրբեջանի դերը եւ հիշեց Լեռնային Ղարաբաղի մասին»,-հիշեցրեց փորձագետը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ալիեւին Թուրքիային օգնելու համար, թեեւ երկրաշարժին արձագանքել են աշխարհի շուրջ 100 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

Ընդ որում, Էրդողանն իր երկրում տեղի ունեցած ողբերգության ֆոնին, չգիտես ինչու, որոշել է հիշել Ադրբեջանի հետ համատեղ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ «Ինչպես Ղարաբաղում Թուրքիան եղել է Ադրբեջանի հետ, այնպես էլ այժմ։ Ադրբեջանը Թուրքիային միայնակ չի թողնում բարդ իրավիճակում։ Մեր կարգախոսն է՝ մեկ ազգ, երկու պետություն»,-ասել է Էրդողանը։

«Այո, Թուրքիան վնաս է կրել, բայց նա ընդամենը վիրավորվել է։ Երկիրն ունի ռեսուրսներ եւ ի վիճակի է դուրս գալ ճգնաժամից։ Ճիշտ է, դրա համար որոշ ժամանակ կպահանջվի»,-նշեց Լոքմագյոզյանը։

Ինչ վերաբերում է ընտրություններում շանսերին, ապա վարկանիշը պահպանելու համար Թուրքիայի նախագահն արդեն հայտարարել է նոր տների կառուցման մասին։ 

Այս նախաձեռնությունը, վստահ է փորձագետը, անձամբ Էրդողանին բերում է նաեւ ֆինանսական օգուտ՝ հաշվի առնելով, որ խոսքը մի քանի հազար շենքերի մասին է։

«Բնականաբար, պետական եկամուտների մի մասը, որը պետք է ուղղվեր  քարոզարշավի համար, ուղղվելու է աղետի գոտում խնդիրների լուծման համար։ Բայց Էրդողանի իշխանության գլխավոր ռեսուրսը վախն է։ Անհրաժեշտության դեպքում նա դրանից կօգտվի, որպեսզի մարդկանց ստիպի մտածել, որ ավելի լավ է ընտրվի, քան իրենց երեխաները մահանան»,-նշեց թուրքագետը։

Արամ Դանիելյան