Ռուսաստանցի լրագրող Մարիա Պոնոմարենկոն դատապարտվել է վեց տարվա ազատազրկման Բառնաուլի ընդհանուր ռեժիմի գաղութում, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։
Նա մեղավոր է ճանաչվել զինված ուժերի մասին «ֆեյքերի» գործով։
Պոնոմարենկոն դատապարտվել է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածով։ Լրագրողն իրեն մեղավոր չի ճանաչել։
2022 թվականի մարտին Պոնոմարենկոն Telegram-ի իր ալիքում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ ռուս զինվորականներն օդային հարված են հասցրել Մարիուպոլի դրամատիկական թատրոնին։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ զինվորականները չեն հարվածել թատրոնին եւ թատրոնը չեն դիտարկել որպես թիրախ, քանի որ այնտեղ կարող են պատանդ պահվել խաղաղ բնակիչները, գերատեսչությունը պայթյունի համար մեղադրում է ուկրաինացի զինվորականներին։ Հուլիսին ԴԺՀ-ի իշխանությունները հայտնել էին, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում:





























