Բերձորում լուծվում է ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հարցը. Կատարյալ բթամիտ պետք է լինել սա չհասկանալու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, քննարկման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այսօր Հայաստանը գոյություն ունի, որովհետեւ Արցախը կա, որովհետեւ նրանք չեն կարող հարձակվել Հայաստանի վրա, քանի դեռ չեն ոչնչացրել Արցախը: Հիմա հարց են տալիս՝  ինչո՞ւ ժողովուրդը չի գալիս: Գլուխը պատով է տալիս՝ չի գալիս, թող չգա: 1045 թվին էլ Անիի բանալիները հանձնեցին հռոմեացիներին, Գագիկ թագավորը հանձնեց ու գնաց, իսկ Վահրամ Պահլավունին  հավաքեց 100 հազարանոց հայկական բանակը, գնաց Վրաստան՝ ստեղծելով վրաց Բագրատունիների իշխանությունը: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Գագիկ թագավորին կամ կաթողիկոսին բանակը չի ձերբակալել: Մեր ազգն այնքան սխալներ է արել իր պատմության մեջ: Բանալիները տվել է ուրիշին ու ասել՝ մենք գնացինք; Հիմա մենք պետք է համաձայնե՞նք դրա հետ»,-ասաց նա:

Բագրատյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկել  ժողովրդին, ասելով՝  ցանկացած ընդդիմություն որ գա, դուք նորից զոհ եք տալու. «Բանակ ստեղծելով ու պաշտպանվելով կփրկվե՞նք, թե՞ սենց: Չենք փրկվելու, ոչ ոք չի փրկվելու: Մեզնից ոչ ոք բազե չի եւ մենք պատերազմի կոչ չենք անում»,-ընդգծեց նախկին վարչապետը:

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Մեքսիկան ընդունել է Հայոց ցեղսսպանությունը. «Ամբողջ պետական համակարգով գնացել է հրաման՝ ուշադրություն մի դարձրեք: Մեր պետությունը առնվազն պետք է շնորհակալություն հայտներ: Մեքսիկան, Ուրուգվայը այն երկրներն են, որ եթե Հայաստանը Արցախը ճանաչի, իրենք նաղդ ճանաչող են: Այդ երկրներում կա հստակ հակաթուրքական տրամադրվածություն»:

Բագրատյանն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանն, ասելով՝ «Կարող եք՝ զարգացրեք ձեր հարաբերությունները ինչպես Արեւմուտքի, այնպես էլ  ձեր ավանդական գործընկերների հետ: Էդ քանի՞ գլխանի եք, որ հելնում եք, տենց միանգամից պավառոտ եք տալիս արտաքին քաղաքականության մեջ»: