Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Դամասկոս է ժամանել։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Աս-Սաֆադիին, հայտնում է SANA-ն։
Աս-Սաֆադին Սիրիայի նախագահին է փոխանցել թագավոր Աբդալլահ II-ի ողջույններն ու ցավակցությունները եւ ընդգծել, որ Հորդանանը, նրա ղեկավարությունը եւ ժողովուրդը համերաշխ են սիրիացի ժողովրդի հետ աղետալի երկրաշարժի հետեւանքների հաղթահարման հարցում։ Թագավորի հրամանով օգնությունը կշարունակվի։
Ավելին, Հորդանանի կողմը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի օգնի սիրիացիներին հաղթահարել իրենց բաժին ընկած փորձությունները եւ աջակցի սիրիական կառավարության ջանքերին այս ուղղությամբ, նշում է սիրիական լրատվամիջոցը:
Աս-Սաֆադիի խոսքով, աշխարհի երկրները պետք է հաղթահարեն այս աղետը՝ առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով։ Անհրաժեշտ օգնությունը պետք է տրամադրվի աղետի բոլոր շրջաններին՝ առանց խտրականության եւ քաղաքականացման։
«Իր կողմից նախագահ Ասադն իր երախտագիտությունն է հայտնել եղբայրական Հորդանանի պաշտոնական եւ ժողովրդական դիրքորոշման համար»,- գրում է SANA-ն։
Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության կարեւորությունը, քանի որ Սիրիայի եւ Հորդանանի մերձավոր հարեւանությունը հուշում է, որ երկու ժողովուրդները բախվում են նույն մարտահրավերներին եւ հանգամանքներին, ինչը միեւնույն ժամանակ հնարավորություններ է բացում բազմաթիվ ոլորտներում համատեղ գործողությունների համար՝ ի շահ եղբայրական երկու երկրների ժողովուրդների:
Ավելի վաղ Բելառուսից եւ Հորդանանից ժամանած երեք ինքնաթիռներ վայրէջք են կատարել Դամասկոսի եւ Հալեպի օդանավակայաններում՝ երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն տրամադրելով։
Դամասկոսում Հորդանանի հյուպատոս Անվար Բադավին հայտնել է, որ սա իր երկրից երկրորդ հատուկ չվերթն է, որը բերել է 12 տոննա բժշկական օգնություն։ Երկու օր առաջ Ամմանը «Նասիբ» սահմանային անցակետով ուղարկել է 14 բեռնատարներից բաղկացած երկու շարասյուն՝ սննդամթերքով եւ դեղորայքով։ Առաջիկայում օգնությունը կշարունակվի, հաստատել է հյուպատոսը։





























