Ուկրաինան դեռեւս մեկ տարի առաջ առաջինն է օգտագործել արտացոլիչներով օդապարիկներ՝ ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության համակարգերին ապակողմնորոշելու համար։ Այս մասին Ուկրաինայի ռազմաօդային ուժերի անանուն աղբյուրը հայտնել է տեղական «Ստրանա» թերթին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել էր ուկրաինական տարածքի վրա օդապարիկների հայտնվելու մասին, ըստ նրա՝ դրանք իբր արձակվել են Ռուսաստանի տարածքից։ Չորեքշաբթի նա հայտարարել է, որ օդապարիկները օգտագործվում են որպես կեղծ թիրախներ՝ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը թուլացնելու եւ շեղելու համար:

«Ուկրաինան առաջինն է օգտագործել այդ օդապարիկները մեկ տարի առաջ։ Մենք օդապարիկներ ենք արձակել նրանց տարածքի վրա, նրանք նայել եւ սկսել են նույնը անել: Սա փայլաթիթեղի մեջ փաթաթված սովորական հելիումի փուչիկ է, որը թռչում է քամու արագությամբ, եւ որի հիմնական խնդիրը ՀՕՊ-ին ապակողմնորոշելն է»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում հրատարակությունը իր Telegram-ալիքում։