Ոստիկանները ՊՆ նախկին շենքի շուրջ 10 շարքով շարվել եւ փակել են. ինչի՞ց են վախենում, որ այսքան մարդ են ուղարկել: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:
«Ոստիկանը խնդրում է՝ իր նկատմամբ հարգանք ունենանք, հաշմանդամություն ունեցող իմ երեխային անկողնուց հանեց, վախից տակն արեց, 40 հոգով իմ տուն լցվեցին, ինչի՞ համար, հանցագործի տուն էին մտե՞լ»,- ասաց բնակիչներից մեկը:
Բնակիչները վրդոհված են, որ իրենց դուրս են հանել շենքից. «Երեխեքին տներից հանում, գցում են փողոցները: Էս չի՞ էս պետությունը, ոնց Ղարաբաղն են արել, նենց էլ ստեղ են անում: Դրա համար էս երկիրը կարելի է նվեր տալ թուրքերին, որովհետեւ թուրքն իրենցից լավն է»:
Բնակիչը պատմեց, որ առավոտյան երեխային դպրոց է տարել, վերադարձել ու տեսել, որ ոստիկանները տուն են մտել. «Հիմա արդեն թույլ չեն տալիս մեր իրերը գնանք, հավաքենք»:
Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել, տղամարդկանց քաշքշելով բերման են ենթարկել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։
Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում:











