«Յունիբանկն» այս տարվա նոյեմբերի սկզբին նախատեսում է սկսել Visa չիպային քարտերի թողարկում` սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից: Սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը «Յունիբանկը» ձեռք է բերել “ԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ” ռուսաստանյան խոշորագույն ընկերությունից:  Smart Vista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի բոլոր բաղադրիչների արդյունավետ կառավարումը, ներառյալ քարտերի էմիսիան, էքվայրինգը, աջակցությունն էլեկտրոնային առեւտրի զարգացմանը, ինչպես նաեւ լոյալության համալիր ծրագրի իրականացումը, որի մեկնարկը «Յունիբանկը» ծրագրել է այս տարվա հոկտեմբերին:

«Սեփական պրոցեսինգային կենտրոնի շահագործումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալները, բարձրացնել անվտանգության մակարդակը եւ էլ ավելի բարելավել քարտերի սպասարկման որակը» - նշեց «Յունիբանկի» վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Նա հայտնեց, որ սեփական պրոցեսինգի գործարկումից հետո «Յունիբանկը» կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ: