Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել Կառավարության 797 որոշման համաձայն եւ ՊԵԿ-ի կողմից տրամադրված գրության հիման վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գեւորգ Ազիզյանը։

Նա նշեց, որ գրությունը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու մասին է:

Ազիզյանը հայտնեց, որ միջոցառմանը ներգրավվել են նաեւ փրկարար ծառայության, բուժծառայության համապատասխան աշխատակիցներ, մարտական հաշվարկներ, որպեսզի որեւէ միջադեպ չգրանցվի:

«Մենք ներխուժումն ենք վերացրել, բնակիչները զգուշացված են եղել, ողջամիտ ժամկետներ տրված է եղել դեռեւս օգոստոսին, այնուհետեւ հունվարին»,- ասաց նա:

Ազիզյանն ասաց, որ մոտ 2 տասնյակ ձերբակալվածներ կան՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հոդվածով:

«Թույլատրվող ֆիզիկական ուժ է գործադրվել: Մենք գործողությունից առաջ իրազեկել են Սոցիալական ծառայությանը, աշխատակիցները հիմա իրենց գործողություններն իրականացնում են»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել, տղամարդկանց քաշքշելով բերման են ենթարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: