«Ներկայումս, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում եւ հիմնված է երկու պետությունների երկարաժամկետ շահերի վրա»,-ասված է «Սպրավիդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավար` Սերգեյ Միրոնովի շնորհավորական ուղերձում` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Հաղորդագրությունը հրապարակվել է սեպտեմբերի 15-ին Մոսկվայում անցկացված տոնական միջոցառումների ժամանակ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը: Շնորհավորանքը հրապարակել է կուսակցության ներկայացուցիչ Ռոման Բերնացկին:

«Երկու երկրների միջեւ համագործակցությունը ամրագրված է բազմաթիվ պայմանագրերով եւ համաձայնագրերով, որոնք ապահովում են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցությամբ»,-ասված է շնորհավորանքում: Հաջողված կարելի է համարել ՀԱՊԿ շրջանակներում ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովների փոխգործակցությունը:

Անդրկովկասում իրադարձությունների զարգացումը հաստատում է հայ-ռուսական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը` տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման համար: Դա վերաբերվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ոլորտին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին:

Հայ ժողովրդին հասցեագրված շնորհավորական ուղերձում ընդգծվում է սփյուռքի դերակատարությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գործընկերության խորացման եւ մի շարք հեռանկարային նախագծերի իրականացման գործում: