Այժմ ժամանակն է վավերացնելու եւ՛ Ֆինլանդիայի, եւ՛ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ Սթոլթենբերգը նշել է, որ լիովին ընդունում է «անվտանգության վերաբերյալ Թուրքիայի հիմնավորված մտահոգությունները»։
«Ես լիովին ընդունում եմ, որ Թուրքիան հիմնավորված մտահոգություններ ունի անվտանգության հետ կապված, ոչ մի երկիր չի ենթարկվել ավելի շատ ահաբեկչությունների, քան Թուրքիան», - ասել է նա՝ հավելելով, որ երկու հյուսիսային պետությունների անդամակցությունը «իրականում կամրապնդի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեր հնարավորությունները»:
Նա նաեւ «ամոթալի» է անվանել վերջերս Ստոկհոլմում Ղուրանի այրումը։
Չավուշղլուն իր հերթին կոչ է արել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ կապված Թուրքիայի խնդիրները լուծել «ոչ միայն թղթի վրա, այլ նաեւ գործնականում»։
«Ինչպես Շվեդիան թույլ չի տալիս ԴԱԻՇ/ԻՊ-ի քարոզչությունը, նույն կերպ նրանք չպետք է թույլ տան ՔԱԿ ահաբեկչական խմբավորումը քարոզչությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այժմ Թուրքիայում է։ Որպես այցի նպատակ է նշվել երկրում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ համերաշխության արտահայտումը։





























