Լուկաշենկոն հայտնել է փետրվարի 17-ին Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ փետրվարի 17-ին կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, եւ բացահայտել է առաջիկա հանդիպման մանրամասները, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
«Մենք կքննարկենք անվտանգության, պաշտպանության հարցերը։ Բայց գլխավորը (ես արդեն ասել եմ, որ մենք ապրիլ կամ մայիս ամիսներին պատրաստում ենք Բարձրագույն պետական խորհրդի նիստ), կքննարկենք եւ՛ տնտեսական, եւ՛ ռազմական, եւ՛ քաղաքական բնույթի հարցեր, որոնք կքննարկվեն բարձրագույն պետական խորհրդում»,-ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ քննարկման կարեւորագույն հարցերից մեկը կլինի այն, թե ինչպես են Բելառուսի եւ Ռուսաստանի կառավարությունները կատարում իրենց առջեւ դրված խնդիրները:
«Առաջին հերթին, տնտեսական հարցերը՝ էներգակիրների, միասնական շուկայի, ներմուծման փոխարինման մասով, եւ թե ինչպես են ֆինանսավորվում, ինչպես են իրացվում։ Սա հարցերի մի ամբողջ համալիր է։ Ուստի մենք բոլոր հարցերը կքննարկենք։ Իհարկե, կքննարկենք նաեւ Բելառուսում մեր համատեղ խմբավորման հարցը»,-նշել է Լուկաշենկոն։
Խոսելով տարածաշրջանային զորախմբի մասին՝ Բելառուսի նախագահն ասել է, որ «Բելառուսում ռուս զինվորականները նրա համար չեն, որ հարձակվեն Ուկրաինայի վրա»։ Նրա խոսքով՝ նրանք մարտական պատրաստություն են անցնում բելառուսցի զինծառայողների հետ, որպեսզի պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում հետ մղել Բելառուսի դեմ ագրեսիան։





























