Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 3-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը:

Նրա խոսքով՝ սա Շոլցի առաջին այցն է Սպիտակ տուն Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր։

«Կանցլերի այցը հնարավորություն է հաստատելու Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակից Գերմանիայի միջեւ բարեկամության խորը կապերը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ հանդիպմանը Բայդենը եւ Շոլցը կքննարկեն Ուկրաինային աջակցելու ընթացիկ ջանքերը, պատժամիջոցների եւ արտահանման վերահսկողության միջոցով Ռուսաստանի վրա ծախսերի կիրառումը, ինչպես նաեւ անդրատլանտյան անվտանգության ամրապնդումը:

Նրանք նաեւ կքննարկեն տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մի շարք հարցերի շուրջ համագործակցության շարունակումը, ներառյալ Չինաստանի կողմից ստեղծված ընդհանուր մարտահրավերների շուրջ համատեղ աշխատանքը եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր համագործակցությունը, ասել է Ժան Պիեռը:

Շոլցը պետք է հանդիպի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ այս շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում:

Ակնկալվում է, որ Շոլցը եւ Բայդենը կանդրադառնան նաեւ Գերմանիայի եւ եվրոպական այլ երկրների միջեւ ԱՄՆ-ի հետ շարունակվող վեճին՝ կապված միլիարդավոր դոլարների հարկային արտոնությունների հետ, որոնք անցյալ տարի ընդունված ԱՄՆ-ի գնաճի նվազեցման մասին օրենքի մաս են կազմում:

Առեւտրային հարցերը, ի վերջո, լուծվում են Բրյուսելի կողմից Եվրամիության անդամների անունից, եւ երկու կողմերի պաշտոնատար անձանց մասնակցությամբ աշխատանքային խումբը շարունակում է պարբերաբար հանդիպել այս հարցի շուրջ: 

Շոլցն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների հետագա խորացում՝ միաժամանակ հայտարարելով, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի այն կանոններից, որոնք եվրոպական ընկերություններին անբարենպաստ դրության մեջ են դնում՝ համեմատած, օրինակ, Կանադայից եւ Մեքսիկայից ընկերությունների հետ: