Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել նոր կառավարությանը՝ վարչապետ Դորին Ռեչանի գլխավորությամբ, հաղորդում է Reuters-ը։

48-ամյա Ռեչանի թեկնածությունն առաջադրել էր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Ռեչանը փոխարինել է Նատալյա Գավրիլիցային, որի կառավարությունը հրաժարական է տվել 18 ամիս իշխանության ղեկին մնալուց հետո, որը նշանավորվեց տնտեսական ցնցումներով եւ Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններով: 

Ներքին գործերի նախկին նախարար եւ նախագահի օգնական Ռեչանը 101-տեղանոց խորհրդարանում ստացել է 62 օրենսդիրների հավանությունը։ 

Ռեչանը խորհրդարանական քվեարկությունից առաջ հայտարարել է, որ իր կառավարությունը կներառի միայն չորս նախարար, որոնք հին կազմում չեն եղել՝ ֆինանսների, ենթակառուցվածքների, արդարադատության եւ էներգետիկայի նախարարներ։

Նա փորձառու քաղաքական գործիչ է, որը զբաղեցրել է Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ եղել ներքին գործերի նախարար 2012-2015 թթ․։

2,5 միլիոն բնակչություն ունեցող նախկին խորհրդային հանրապետությունը, որը սահմանակից է Ուկրաինային եւ ԵՄ անդամ Ռումինիային, արդեն ԵՄ անդամակցության թեկնածու է, բայց գործընթացը սովորաբար տեւում է մի քանի տարի:

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն բազմիցս մեղադրել է Ռուսաստանին Մոլդովան ապակայունացնելու փորձերի մեջ, իսկ երկուշաբթի նա հայտարարել է երկրի ղեկավարությանը տապալելու, ԵՄ-ին նրա անդամակցությունը դադարեցնելու եւ իրեն Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու դավադրության մասին: