ՊՆ նախկին շենքից այսօր առավոտյան բռնի ուժով տարհանված բնակիչնեչը շարունակում են մնալ շենքի մոտ, նրանք մտադիր են գիշերել  այնտեղ: Այս մասին NEWS.am –ին ասաց վտարված բնակիչներից Էվանյան Անգելինան:

«Մենք ոչ մի տեղ չենք գնալու, գիշերելու ենք այստեղ, որ առավոտյան նորից բողոքի ակցիա անցկացնենք: Բնակիչներից մի մասը մեքենաների մեջ է, մի մասը խարույկի շուրջն են նստած, նույնիսկ երեխաներն են այստեղ»,- ասաց նա:

Կնոջ խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները նույնպես չեն հեռացել, բայց ի տարբերություն բնակիչների՝ նրանք շենքում են, տաք բնակարաններում:

«Մեզ վռնդել են դուրս, իրենք մեր բնակարանում տաք-տաք նստել են, չեն էլ թույլատրում մենք ներս գնանք, իրերը վերցնենք»,- ասաց նա:

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Այսօր առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս ենհանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում:

Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց հանել։  26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել  Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։

«Մենք ոչ մի տեղ չենք գնալու, գիշերելու ենք այստեղ». ՊՆ նախկին շենքի բնակիչները երեխաների հետ շենքի մոտ են մնացել