Մենք ուրիշ բան չենք պահանջում. մեր ընտրած վարչապետն ա, իր հետեւից մենք ենք քայլել, մենք ենք հասցրել էդ աթոռին, հիմա մեր ընդհանուր խնդրանքն էն է, որ է թող էս երեք շենքը տա, էսքան մարդս ապրենք, որ ես էլ հանգիստ գնամ սահման: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին նշեց ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացիներից մեկը:
«Եթե իմ երեխեն տուն չունի, գիշերը դրսում վառվող պակռիշկի կողքն է, ես մնամ սահմանին, ի՞նչ անեմ: Մենք ուրիշ գնալու տեղ չունեմ, էստեղ ենք մնալու, դրսում: Ես ինչքա՞ն խնդրեմ իմ ախպորս, հորեղբորս, որ իմ երեխեն իրենց տանը մնա էսօր: Թող ինձ 500 հազար աշխատավրձ տան, ես էլ 150 հազարը վարձ տամ:
Եկել բանալի են տվել, մարդիկ գնացին, սաղ գիշեր էդ հասցեն ման եկան, չգտան, բերեցինք նորից բանալին իրենց տվեցինք: Ասում են՝ դուրս արի, գնա էս հասցեով ապրի, պետությունը քո հարցը կլուծի»,-ասաց նա:
Մեկ այլ բնակիչ էր հավելեց, որ իրենց բնակարանների ունեցվածքը ոստիկանները ջարդել են՝ դուռ, հայելի, հեռուստացույց:
Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Փետրվարի 16-ի առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս են հանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում: Նրանք գիշերն անցկացրել են ՊՆ նախկին շենքի մոտ:
Երեկ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։











