Աջարիայում բնակվող թուրքերի թվաքանակի աճը, ինչպես նաեւ ծավալած գործունեությունը մտահոգությունների տեղիք է տալիս, գրում է վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականը:
«Բոլորին հայտնի է, որ Բաթումիում այդ մի բուռ քաղաքում պաշտոնապես գրանցված է 18 հազար թուրք, գոյություն ունեն թուրքական թաղամասեր, հիմնական բիզնեսը թուրքերի սեփականությունն է, իսկ Հին Բաթումիի շինությունների առաջին հարկերում բացված են թուրքական սրճարաններ, ծրագրված է կառուցել նոր մզկիթ: Մի խոսքով Բաթումին համարվում է Թուրքիայի միջին քաղաք»,-գրում է պարբերականը:
Ըստ պարբերականի, Բաթումիից վերանում է վրացական ամեն ինչ եւ մուտք է գործում թուրքականը, Բաթումին քայլ առ քայլ հեռանում է Վրաստանից եւ մոտենում Թուրքիային:
«Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի կառավարությունը Բաթումին պատրաստում է Թուրքիայի համար: Նույնիսկ հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում «Թուրքերեն լեզվի դասընթացներ» ամենօրյա ծրագիրը: Իհարկե, թուրքերենի ուսուցումն անհրաժեշտ է Բաթումիի ժողովրդի համար, քանի որ Բաթումիում շինությունների եւ այլ հիմնարկների անուններն արդեն գրում են ոչ թե վրացերենով, այլ` թուրքերենով: Շուտով Բաթումիի վրացիները կարթնանան «Գյուրջիստան»-ում ( 16-րդ դարում այդպես է կոչվել Հարավային Վրաստանի այն մասը, որը գրավել էին օսմանյան թուրքերը), որտեղ Սահակաշվիլին իրեն փաշա կզգա»,- բողոքում է պարբերականը, ընդգծելով , որ դրանից հետո Սահակաշվիլին թուրքերենի դասընթացների կարիք այլեւս չի ունենա, քանի որ նրան թուրքերեն կսովորեցնի հենց Սահակաշվիլիի մայրը` թուրքագետ Գիուլի Ալասանիան:



























