Բելառուսը սահմանափակում է լեհական բեռնատարների եւ քարշակների մուտքը իր տարածք։ Այս մասին ասվում է Բելառուսի կառավարության հայտարարության մեջ։

«Լեհաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատարների եւ քարշակների երթեւեկությունն այսուհետ կիրականացվի միայն Բելառուսի Հանրապետության պետական սահմանի բելառուսա-լեհական հատվածով բեռնափոխադրումներ իրականացնելու կամ քարշակ կցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության համապատասխան հրամանագիրը ստորագրել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Նշվում է, որ կառավարության որոշումն ընդունվել է 2023 թվականի փետրվարի 10-ից լեհական կողմից Բոբրովնիկի ճանապարհային անցակետի փակման կապակցությամբ։

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Վոյտեխովսկուն եւ բողոքել նրան՝ կապված «Բոբրովնիկի» սահմանային անցակետի փակման հետ։ Մինսկը նշել է, որ Վարշավայի գործողությունները հակահումանիտար բնույթ են կրում։

Լեհաստանի իշխանությունները որոշել են փետրվարի 10-ի կեսօրից փակել Բելառուսի հետ Բոբրովնիկի սահմանային անցակետը։ Նման միջոցն այնտեղ բացատրել են «պետական անվտանգության շահերով»։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին չի բացառել բելառուսա-լեհական սահմանի բոլոր անցակետերի փակումը։