Հայաստանի Կենտրոնական բանկի հարցումների համաձայն` Հայաստանում աճում է սպառողների վստահության ինդեքսը: Այսպես` 2011 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն` սպառողների վստահության ինդեքսը կազմել է 106.3 տոկոս:
Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է
սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանականի փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային):
Ընթացիկ պայմանների ինդեքսն ավելի արագ է աճել` 11.8 տոկոս, ի տարբերություն ապագա պայմանների ինդեքսի ընդամենը 2.5 տոկոս աճի: Հատկանշական է, որ թեեւ տնտեսության ընդհանուր իրավիճակին վերաբերող պատասխաններում նկատվում է լավատեսության էական աճ, այնուամենայնիվ հարցվածների միայն 31 տոկոսն է դրական գնահատել ներկա իրավիճակը: Փոխարենը մոտ 55 տոկոսը հավաստիացրել է, որ այս եռամսյակում խոշոր գնում է իրականացրել:




























