Չունենալով օգտակար հանածոներ, ունենալով բազմաթիվ մարտահրավերներ, միայն ինտելեկտուալ պոտենցիալի միջոցով Հայաստանը  կարող է գրավել օտարերկրյա ներդրողներին: NEWS.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա համոզմամբ` Հայաստանն ունի ինտելեկտուալ այն ռեսուրսը, որ կարող է գրավել օտարերկրյա ներդրողներին: «Միայն կրթական համակարգի որոշ նրբերանգներն են, որոնք գնահատվում են օտարերկրյա ներդրողների կողմից: Մենք շատ բողոքում ենք մեր կրթական համակարգից, բայց այսօր այն համակարգը, որ «Սինոփսիս Արմենիան» ստեղծել է տարբեր համալսարաններում ամբիոններ բացելով`լավագույններից մեկն է ամբողջ տարածաշրջանում»,- ասաց Հ. Մուսաելյանը:

Որպես օրինակ «Սինոփսիս Արմենիան»-ի ղեկավարը նշեց, թե ինչպես Հայաստանից 2 մագիստրանտ գործուղվել են Մոսկվայի էլեկտրոնային ինստիտուտ, սակայն այդ ինստիտուտի ամբիոնի վարիչը զարմացել էր, թե ինչու են նրանք Մոսկվա գալիս, եթե ավելի ուժեղ են, քան մոսկվացի ուսանողները:

«Կարեւոր է , որ մյուս ընկերությունները հետեւեն մեր օրինակին, նաեւ կրթության մեջ ներդրումներ անեն: Միայն գիտահետազոտական աշխատանքների մեջ արված ներդրումներն են, որ կարող են բիզնես հաջողությունների գրավական լինել: Ընկերություններ կան, որ միայն մտահոգված են այլ ընկերություններից որակյալ աշխատակիցներ տանելով, բայց լուրջ ընկերությունը պետք է նաեւ հեռահար նպատակներ ունենա»,- նշեց Հ. Մուսայելյանը: