Սպիտակ տունը հաջորդ շաբաթ գաղտնի բանակցություններ կվարի Թայվանի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վելինգթոն Կուի հետ՝ հատուկ դիվանագիտական երկխոսության շրջանակում, որը պետք է գաղտնի մնա, որպեսզի չառաջացնի Չինաստանի կատաղի արձագանքը, գրում է Financial Times-ը:

Ինչպես հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հանգստյան օրերին ժամանելուց հետո թայվանական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կհանդիպի ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայների հետ: Ըստ աղբյուրներից մեկի ՝ հանդիպմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

«ԱՄՆ-ի՝ իրար հաջորդող վարչակազմները չեն քննարկել վաղեմի դիվանագիտական ալիքի գոյությունը, որն օգտագործվում է անվտանգության հարցերը լուծելու համար, եւ գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում, քանի որ Չինաստանն ավելի ու ավելի է ամրապնդվում Թայվանի շուրջ»,-նշում է Financial Times-ը:  

Պարբերականը նաեւ նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձում է հանդիպել ՉԺՀ պետխորհրդի անդամի հետ Մյունխենում անվտանգության հարցերով խորհրդաժողովում:

Թայվանը Չինաստանից առանձնացել է 1949 թվականին քաղաքացիական պատերազմից հետո։

Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները լարված են Թայվանի անկախությանն ԱՄՆ-ի աջակցության պատճառով։