Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել Մոլդովայի նոր կառավարության ձեւավորման կապակցությամբ մեկնաբանությամբ։

Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետեւել է Մոլդովայի Հանրապետության նոր կառավարության ձեւավորմանը։

«Ուշադրություն դարձրեցինք, որ այդ գործընթացն ուղեկցվել է պաշտոնական Քիշնեւի կողմից հակառուսական հռետորաբանության աննախադեպ սրմամբ՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի ինչ-որ ծրագրի մասին չհաստատված տեղեկատվության հիման վրա, որը ստացվել է Կիեւից։ Համոզված ենք, որ այս հերթական ֆեյքին Մոլդովայում ողջախոհ մարդկանցից ոչ ոք չի հավատացել»,-ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով՝ եթե նայենք Մոլդովայի նախարարների կաբինետի նոր կազմին, «պարզ կդառնա, որ դրանում փոփոխությունները, ավելի շուտ, կոսմետիկ բնույթ են կրում»։

«Նրա տասնհինգ անդամներից տասնմեկը պահպանել են իրենց պաշտոնները։ Այդ պատճառով, ցավոք, Քիշնեւի կուրսը Ռուսաստանի նկատմամբ դժվար թե փոխվի։

Մենք բազմիցս ասել ենք, որ Մոլդովայի ներկայիս ղեկավարության արեւմտյան կուրատորները վստահորեն տանում են երկիրը Ուկրաինայի եւ Մերձբալթյան երկրների ճանապարհով։ Կիրառվում են նույն օրինաչափությունները՝ անցանկալի լրատվամիջոցների արգելում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հալածանքներ, ռուսաց լեզվի օգտագործման ոլորտի սահմանափակում, մեր ընդհանուր պատմության կեղծման փորձեր, Ռուսաստանի հետ քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար շփումների արհեստական սահմանափակում, հանրապետության ինքնիշխանության, կայունության եւ անվտանգության գրավական հանդիսացող չեզոք կարգավիճակից հեռացում։ Մոլդովական իշխանությունների նման քաղաքական կուրսը չի համապատասխանում մեր ժողովուրդների շահերին։

Մենք բաց ենք մնում կառուցողական եւ պրագմատիկ երկկողմ համագործակցության զարգացման համար՝ ի շահ Ռուսաստանի եւ Մոլդովայի քաղաքացիների»,-նշել է Զախարովան։  

Հիշեցնենք, որ այս շաբաթ Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել նոր կառավարությանը՝ վարչապետ Դորին Ռեչանի գլխավորությամբ։

Մոլդովայի նոր վարչապետը ԱՊՀ-ին մեղադրել է անարդյունավետության մեջ եւ նպատակ է դրել երկիրը միացնել ԵՄ-ին։