Իրանի մայրաքաղաք Թեհրանում սեպտեմբերի 17-ին կայացել են Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի կապակցությամբ եւ նշեց, որ պատմության ընթացքում երկու հարեւան երկրների միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր առավել ամրապնդվում են:
Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը նոր լիցք են հաղորդել երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությանը:
Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ Հայաստանի եւ Իրանի միջեւ չկան խնդիրներ, եթե կան տեխնիկական հարցեր, ապա դրանք լուծվում են ընդհանուր ջանքերով:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:
Նախարարները կարեւորեցին ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Զրուցակիցները վերահաստատել են փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:
Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարեւորվել է փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր փոխանակեցին զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:
Պայամանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի նշվելիք Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձի կապակցությամբ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման օգտին:
Ալի Աքբար Սալեհիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարեւորելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Երեւան այցելելու Ալի Աքբար Սալեհիին արված հրավերը:
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվել են աշխատանքային ճաշի ձեւաչափով:




























