Իսրայելի դիտորդների պատվիրակությունը Ադիս Աբեբայում Աֆրիկյան միության գագաթաժողովում հեռացվել է շաբաթ օրը կայացած բացման արարողությունից, հայտնում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը՝ մեղադրելով Հարավային Աֆրիկային եւ Ալժիրին դիվանագիտական լուրջ խախտման մեջ:
Walla լրատվական կայքի տվյալներով, որն առաջինն է հայտնել միջադեպի մասին, անվտանգության աշխատակիցները մոտեցել են Իսրայելի պատվիրակությանը բացման արարողության ժամանակ եւ պահանջել, որ նրանք հեռանան:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են իսրայելացիները՝ Աֆրիկայի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Շարոն Բար-Լիի գլխավորությամբ, հեռանում մի քանի րոպե քննարկումից հետո:
«Իսրայելը լուրջ է վերաբերվում միջադեպին, որի ընթացքում Աֆրիկայի հարցերով փոխդեսպան Շարոն Բար-Լին հեռացվել է Աֆրիկյան միության դահլիճից, չնայած նրա՝ հավատարմագրված դիտորդի կարգավիճակին»,-ասել է նախարարության ներկայացուցիչ Լիոր Հայաթը:
«Մենք աֆրիկյան երկրներին կոչ ենք անում հանդես գալ այդ գործողությունների դեմ, որոնք վնաս են հասցնում Աֆրիկյան միության կազմակերպությանը եւ ամբողջ մայրցամաքին»,-հավելել է Հայաթը:





























