Մյունխենի անվտանգության համաժողովում Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ վեճ է բռնկվել Վաշինգտոնի կողմից խոցված օդապարիկի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանի պետխորհրդական Վան Ին ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային նորմերը խախտելու մեջ՝ Վաշինգտոնի պահվածքը «գրեթե հիստերիկ» անվանելով։

«Առաջավոր կործանիչ ուղարկել՝ հրթիռով օդապարիկը խոցելու համար, նման պահվածքն անհավանական է, գրեթե հիստերիկ»,-ասել է Վան Ին։

«Ամբողջ աշխարհում այնքան շատ օդապարիկներ կան, եւ դրանք կան տարբեր երկրներում։ ԱՄՆ-ն պատրաստվում է բոլորը խոցե՞լ»,-հարցրել է նա։

"Մենք խնդրում ենք ԱՄՆ-ին դրսեւորել անկեղծություն եւ շտկել իր սխալները»,-հավելել է ՉԺՀ ներկայացուցիչը:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հակահարված է տվել ՉԺՀ ներկայացուցչին՝ ասելով, որ ինքը մտահոգված է, որ «Չինաստանը խորացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ փետրվարի 24-ի ներխուժումից հետո, եւ որ Ռուսաստանին Չինաստանի աջակցությունը կխաթարի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»։