Կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու Ֆրանսիայի կառավարության ծրագրերը, որոնք հանգեցրել են բողոքի զանգվածային ցույցերի, փոխանցվել են Սենատին այն բանից հետո, երբ շաբաթ օրը ավարտվել են խորհրդարանական լարված քննարկումները, հաղորդում է Reuters-ը:

Խորհրդարանի ստորին պալատում կենսաթոշակային օրինագծի վերջնական քննարկումն ուղեկցվել է վեհաժողովի բոլոր կողմերի ծաղրով, ինչը հանգեցրել է զբաղվածության նախարար Օլիվյե Դյուսոպտի հուզական պոռթկմանը:

«Դուք ինձ վիրավորել եք 15 օր... Մենք այստեղ ձեր առջեւ ենք՝ բարեփոխումներ իրականացնելու համար»,- բղավել է Դյուսոպտն ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա։

Նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը, որը, ըստ նրա, չափազանց կարեւոր է, որպեսզի կանխվի պետական կենսաթոշակային համակարգի փլուզումը եւ ապահովվի, որ երիտասարդ սերունդները չկրեն ավագ սերունդներին ֆինանսավորելու բեռը:

Սակայն Ֆրանսիայում, որտեղ արդեն դժգոհություն կա կյանքի թանկացման հետ կապված, շատերը դեմ են այդ ծրագրին: Այս քայլին դեմ են թե ծայրահեղ աջ, թե ձախ քաղաքական կուսակցությունները:

Հունվարին եւ փետրվարին ամբողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային գործադուլներ եւ բողոքի ցույցեր, ինչպես նաեւ անկարգություններ ու բախումներ։ Մարտի սկզբին նոր բողոքի ակցիաներ են նախատեսվում։