Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջեւ դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետեւանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական եւ էներգետիկ ճգնաժամի փաստը:
Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:











