Ընդհանուր գիտակցում կա, որ անհրաժեշտ է երկվեկտոր մոտեցում Հարավային Կովկասի իրավիճակին։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Որքանով մեզ պարզ դարձավ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գործընկերների հետ մեր զրույցների ընթացքում, եւ ինչպես ես հասկացա վարչապետ Փաշինյանի հետ այսօրվա եռակողմ հանդիպումից, որ պետքարտուղար Բլինքենն էր կազմակերպել, մենք ընդհանուր գիտակցում ունենք, որ տարածաշրջանում իրավիճակին երկվեկտոր մոտեցում է անհրաժեշտ։ Նախ, դա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների վեկտորն է։ Երկրորդ՝ դա Ադրբեջանի կապն է Ղարաբաղի հայ բնակչության հետ»,- ասել է նա։

«Այսպիսով, այս երկվեկտոր լուծումը փաստացի տարանջատում է Հայաստանի հետ մեր բանակցությունները մեր ներքին խնդիրներից, ինչպիսին է Ղարաբաղի հայերի հետ շփումը։ Մեր միջազգային գործընկերների հետ համաձայնեցվել է, որ քննարկվելու են Ղարաբաղում հայ փոքրամասնության իրավունքներն ու երաշխիքները։ Մենք պատրաստ ենք դրան։ Բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ծնվել ու ողջ կյանքն ապրել են Ղարաբաղում։ Եվ ոչ այն մարդու հետ, որն արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»,- հավելել է Ալիեւը։