Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բն Ֆարհան Ալ Սաուդն ասել է, որ արաբական աշխարհում կոնսենսուս է ի հայտ գալիս, որ Սիրիայի մեկուսացումը չի աշխատում, եւ որ Դամասկոսի հետ երկխոսությունն անհրաժեշտ է «ինչ-որ պահի, գոնե հումանիտար խնդիրները լուծելու համար, ներառյալ փախստականների վերադարձի հարցը», հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Շաբաթ օրը Մյունխենի անվտանգության ֆորումում արքայազն Ֆեյսալ բն Ֆարհան Ալ Սաուդի ելույթը ցույց է տալիս, թե ինչպես էին վերաբերվում Սիրիային 12 տարի առաջ, երբ արաբական մի քանի երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան, աջակցում էին հակադամասկոսյան ուժերին:
«Դուք կտեսնեք, որ ոչ միայն CCAS-ի (Արաբական պետությունների համագործակցության խորհրդի) երկրների միջեւ, այլ նաեւ արաբական աշխարհում կա աճող կոնսենսուս, որ ստատուս քվոն չի գործում», - ասել է նա:
Դիվանագետը նշել է նաեւ, որ քաղաքական լուծման համար «մաքսիմալիստական նպատակների» տանող ճանապարհի բացակայության պայմաններում «տարբեր մոտեցում է ձեւակերպվում հարեւան երկրներում սիրիացի փախստականների խնդրին եւ խաղաղ բնակչության տառապանքին լուծում տալու համար», հատկապես՝ Սիրիայում եւ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։
«Այսպիսով, ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք Դամասկոսի կառավարության հետ երկխոսության մեջ մտնել այնպես, որ հասնենք նպատակներից առնվազն ամենագլխավորին, հատկապես հումանիտար ասպեկտի, փախստականների վերադարձի եւ այլնի առումով», - նշել է նա։
Ավելի վաղ Էր Ռիադը հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ էր ուղարկել Սիրիա՝ երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված ջանքերի շրջանակում։





























