ԱՄՆ նախկին նախագահ 98-ամյա Ջիմի Քարթերը կավարտի բուժումը եւ կտեղափոխվի Ջորջիայում գտնվող իր տուն՝ հոսփիսային խնամքի, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Քարթերի կենտրոնի հայտարարությունը:

Կենտրոնը հայտնել է նաեւ, որ նախկին նախագահը որոշել է մնացած ժամանակն անցկացնել տանը՝ ընտանիքի հետ, սակայն չի ասել, թե ինչն է իրեն դրդել այդ քայլին գնալ։

98-ամյա Քարթերը վերջերս առողջական խնդիրներ է ունեցել, այդ թվում՝ մելանոմա, որը տարածվել է նրա լյարդի եւ ուղեղի վրա։

Հիվանդները կարող են դիմել հոսփիսային խնամքի՝ հետագա բուժման փոխարեն: Նման դեպքերում առաջնայինը ոչ թե բուժումը շարունակելն է, այլ հիվանդի կյանքի վերջին շրջանում նրա համար հարմարավետության ապահովումը։

Քարթերի թոռը՝ Ջորջիա նահանգի նախկին սենատոր Ջեյսոն Քարթերը, Twitter-ում գրել է, որ նախորդ օրն այցելել է իր տատիկին ու պապիկին։

«Նրանք ապրում են խաղաղության մեջ, եւ, ինչպես միշտ, նրանց տունը լի է սիրով: Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ խոսքերի համար», - նշել է նա։

2021 թվականին Քարթերն ու նրա կինը՝ Ռոսլինը նշել են իրենց ամուսնության 75-ամյակը։ Նրանք չորս ընդհանուր երեխա ունեն։

Այժմ ապրող երկրի ամենատարեց ղեկավարը պաշտոնավարել է մեկ ժամկետ 1977-ից 1981 թվականներին:

Նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Քարթերը բախվել է մի շարք արտաքին քաղաքական մարտահրավերների՝ վերընտրվելու փորձի ժամանակ պարտություն կրելով Ռոնալդ Ռեյգանից:

1924 թվականին Ջորջիայում ծնված Քարթերը քաղաքականություն է մտել 1960-ականներին, երբ ընտրվել է սենատոր՝ նախքան 1971 թվականին նահանգապետ դառնալը:

Հինգ տարի անց նա հաղթել է հանրապետական ​​գործող նախագահ Ջերալդ Ֆորդին եւ դարձել Միացյալ Նահանգների 39-րդ նախագահը: