Ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան մասում այսօր 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ Հոկայդո կղզու հարավային շրջաններում: Ազգային օդերեւութաբանական վարչությունը հայտարարություն չի արել ցունամիի վտանգի մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի ափամերձ հատվածում, Սանրիկուի տարածքում, օջախը եղել է 10 կմ խորության վրա: Առավել ուժեղ ցնցումներ են գրանցվել մի քանի նահանգներում, այդ թվում` Ֆուկուսիմայում, որի տարածքում է վթարային ատոմակայանը:
Օրվա ընթացքում այդ տարածքում արձանագրվել է 5,3 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ: Բարձր սեյսմիկ ակտիվությունն այստեղ նկատվում է մարտի 11-ից հետո, երբ 9 մագնիտուդով երկրաշարժը հզոր ցունամիի պատճառ էր դարձել:
Անցած գիշեր, տեղական ժամանակով ժամը 03:07-ին 4,6 մագնիտուդով երկարշարժ է գրանցվել Իրանի հարավում, հողորդում է bcm.ru-ն: Էպիկենտրոնը գտնվել է Ջահրոմ քաղաքից 79 կմ հեռավորության վրա: Առայժմ տեղեկություններ չկան զոհերի եւ ավերածությունների մասին:


























