ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսել է Լաչինի միջանցքով ազատ եւ բաց առեւտրային եւ մասնավոր տարանցման անհրաժեշտության մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Նա ի գիտություն է ընդունել վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու կողմերի ձեռք բերած զգալի առաջընթացը խաղաղ համաձայնագրի ուղղությամբ եւ կողմերին Բրյուսելում հյուրընկալելու՝ ԵՄ նախագահ Շառլ Միշելի առաջարկը։

Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով անվճար եւ բաց առեւտրային եւ մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա կողմերին հորդորել է նաեւ բացել այլ տրանսպորտային ուղիներ», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։