Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը եւ Սաուդյան Արաբիան մոտ ապագայում կվերսկսեն իրենց բանակցությունները, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Իրանը մեր հարեւանն է, եւ մենք նրա հետ պատմական հարաբերություններ ունենք», - ասել է Իրաքի վարչապետը կիրակի օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Ընդգծելով, որ Իրաքը տարածաշրջանային խնդիրների լուծման բանալին է, Ալ-Սուդանին ասել է, որ իր երկիրը ձգտում է հավասարակշռված հարաբերություններ հաստատել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ՝ հիմնվելով Իրաքի ազգային շահերի վրա։
Անդրադառնալով Իրանի եւ Սաուդյան Արաբիայի բանակցություններին՝ Ալ-Սուդանին ասել է, որ ջանքեր են գործադրվում երկու կողմերի մոտեցումները մերձեցնելու համար, եւ հանդիպումները շուտով կվերսկսվեն։
Ավելի վաղ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հայտարարել էր, որ Էր-Ռիադի ու Թեհրանի նախորդ հանդիպումները տեղի են ունեցել անվտանգության ու հետախուզության մակարդակով, եւ Բաղդադը մտածում է նոր հանդիպում անցկացնելու մասին։
Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերություններն ավելի դրական են թվում, քան անցյալում։





























