ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինան զինամթերքի խիստ կարիք ունի ռուսական զորքերին հակազդելու համար։ Կիեւին օգնելու նպատակով Եվրամիությունը նախատեսում է մեծածավալ միջոցներ հատկացնել զինամթերքի գնման համար, գրում է Deutsche Welle-ն։
Ուկրաինայում զինամթերքի կտրուկ պակասի պատճառով ԵՄ-ն նոր ֆինանսավորման ծրագիր է մշակում, որը միությանը թույլ կտա ավելացնել սեփական արտադրությունը եւ անհրաժեշտ միջոցներ փոխանցել Կիեւին, Մյունխենում կայացած Անվտանգության միջազգային համաժողովի ընթացքում հաստատել է ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք պատերազմի մեջ ենք, պետք է արագ արձագանքել։ Եվրամիությունը Ուկրաինայի բանակն է, քանի որ այս հակամարտությունը էկզիստենցիալ սպառնալիք է եվրոպական անվտանգության համար», - ասել է նա։
Բորելի խոսքով՝ Ուկրաինան այժմ զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի հետ կապված կրիտիկական իրավիճակում է, ուստի նոր մատակարարումները պետք է տեղի ունենան որքան հնարավոր է շուտ՝ առաջիկա շաբաթների ընթացքում։ Նա քննադատել է եվրոպական երկրների դանդաղկոտությունը՝ Ուկրաինային տանկեր եւ այլ զինատեսակներ մատակարարելու հարցերում եւ խորհուրդ տվել խոսքից անցնել գործի։ Արեւմտյան երկրները պետք է «ավելի քիչ ծափահարեն Զելենսկիին եւ ավելի շատ պարկուճներ տան», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Բորելը Եվրամիությանը կոչ է արել մեծացնել սեփական ռազմական արդյունաբերության արտադրական կարողությունները՝ Ուկրաինային օգնելու համար։ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն նախատեսում է սկսել այնպիսի ընթացակարգ, որը նման է այն ընթացակարգին, որը հնարավորություն է տվել արագորեն պատվաստանյութեր ձեռք բերել COVID-19 համաճարակի ժամանակ։ ԵՄ երկրները միջոցներ կհատկացնեն, որոնց համար կշնորհվեն պաշտպանական արդյունաբերության խոշոր պայմանագրեր համակարգված կերպով. Դա արդյունաբերությանը թույլ կտա օգտվել այն ներդրումներից, որոնք անհրաժեշտ են արտադրությունն ուժեղացնելու համար:




























