Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքվի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ իրանական իշխանությունները բացահայտեն եւ պատասխանատվության ենթարկեն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից բոլոր անձանց, հաղորդում է «Интерфакс»-ը:

«Դուք գիտեք մեր դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչության մասին։ Դա կազմակերպված ահաբեկչություն էր Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեմ։ Ահաբեկչին 30-ից 40 րոպե չզինաթափեցին, ոստիկանական մեքենաներն ու անվտանգության աշխատակիցները եկան ու հեռացան, բայց նրան երկու անգամ թույլ տվեցին մտնել դեսպանատան շենք, սպանել դեսպանատան պահակներից մեկին եւ վիրավորել եւս երկուսին», - ասել է Ալիեւը՝ ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ «ահաբեկչին զինաթափած պահակներից մեկի խիզախությունը կարող է փրկել տասնյակ ադրբեջանցիների կյանքեր»։

«Որովհետեւ մեր դիվանագետների ընտանիքները, այդ թվում՝ նրանց երեխաները, ապրում էին այդ տանը։ Ուստի պահանջում ենք այս գործի անհապաղ եւ թափանցիկ քննություն։ Այն, որ ահաբեկչությունից հետո ահաբեկիչը հարցազրույց է տվել իրանական լրատվամիջոցներին, վկայում է այն մասին, որ նա մեկն է այն մարդկանցից, ում ուղարկել են իրանական իսթեբլիշմենթի որոշ ներկայացուցիչներ։ Տարօրինակ էր նաեւ այն, որ երկու օր անց նա մտավոր հետամնաց ճանաչվեց։ Ինչպե՞ս կարող էին այս փորձաքննությունն այդքան արագ իրականացնել։ Դա քայլ էր, որպեսզի նա կարողանար խուսափել արդարադատությունից», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւն ասել է, որ Իրանի կառավարությունը պետք է թափանցիկ հետաքննություն անցկացնի, «մեզ պետք է տեղեկացնեն այս մասին, իսկ ահաբեկիչը պետք է պատժվի»։

«Բայց ամենակարեւորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի նկատմամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել հարաբերությունների ցանկացած կարգավորման մասին», - հավելել է նա։

Ավելի վաղ Կալաշնիկով ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Զոհվել էր անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել էին դիվանագիտական ​​առաքելության եւս երկու պահակ։ Հանցագործը ձերբակալվել էր։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ հարձակումը կատարել է ընտանեկան խնդիրների պատճառով։ Նա կարծել էր, որ իր կինը դեսպանատան շենքում է եղել, եւ 2022 թվականի ապրիլից կապի դուրս չի եկել իր հետ։