Նյու Յորքի Ուոլլ սթրիթ շրջանում սեպտեմբերի 17-ին մոտ 700 մարդ է մասնակցել բողոքի ակցիային, հաղորդում է AFP-ն: Շատերը եկել են վրաններով եւ քնապարկերով` համաշխարային ֆինանսական կենտրոնում վրան խփելու համար:  Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհել են կոռուպցիայից, ագահությունից եւ բյուջետային ծախսերի կրճատումից:

Սակայն ոստիկաններն արգելափակել են Ուոլլ սթրիթն ու հարակից փողոցները:  Արդյունքում մարդիկ հավաքվել են Թրինիթի Փլեյսում, որը Ուոլլ սթրիթից 300 մետրի վրա է: Առայժմ չի հաղորդվում ` հաջողվել է նրանց վրաններ խփել, թե ոչ:

Ակցիան կազմակերպվել է Adbusters («Հակագովազդականներ») խմբի կողմից, որը  նույնանուն ամսագիրն է հրատարակում:  Այս ամռան կեսերին նրանք  կոչ էին արել ամերիկացիներին ակցիա անցկացնել «Գրավիր Ուոլլ սթրիթը» կարգախոսի ներքո: Ցուցարարները հայտարարել էին, որ Նյու Յորքի կենտրոնում երկու ամսով վրանային ճամբար կխփեն: Կազմակերպիչների խոսքով` ակցիան անցկացվելու է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի փորձի օրինակով:

Նախօրեին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում գործազրկությունը կարող է  զանգվածային անկարգությունների հանգեցնել, որոնց ողջ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արեւելքում:

Վերջին տվյալներով` ԱՄՆ-ում գործազրկությունը հասել է 9,1 տոկոսի, իսկ 46,2 մլն ամերիկացիներ աղքատության շեմից ներքեւ են: