Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ քնել է, ինչն էլ ԶԼՄ-ներում քննարկման առիթ է դարձել, հաղորդում է Vesti.ru-ն:
Ըստ լրագրողների` նախարարը ննջել է մոտ կես ժամ, մինչ ելույթ կունենային գործընկերները: Վերադառնալով հայրենիք` Շվարցենբերգն ստիպված է եղել ներողություն խնդրել հանրությունից: Չեխական թերթերից մեկին տված հարցազրույցում նա ասել է, որ տոթ սենյակներում միշտ քունը տանում է եւ ավելացրել է. «Փորձում եմ հետեւել, որ ոչ մի կարեւոր բան բաց չթողնեմ, սակայն դա ոչ միշտ է ստացվում»:
Նշվում է, որ 73-ամյա Շվարցենբերգը քաղաքականությունում է անցյալ դարի 80-ականներից: Նա Շվեյցարիայի եւ Չեխիայի քաղաքացի է: Նախարարը հայտնի է նաեւ նրանով, որ Շվարցենբերգների հնագույն իշխանական տոհմի ներկայացուցիչ է եւ ազնվական տիտղոսների ողջ հավաքածու ունի: Նրան համարում են Չեխիայի ամենահարուստ եւ անկաշառ քաղաքական գործիչներից:




























