Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին երկուշաբթի կմեկնի Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Կիրակի օրը իրազեկ աղբյուրի ներկայացրած հաղորդման համաձայն՝ Մելոնին, որը պաշտոնն ստանձնել է հոկտեմբերին, հայտարարել է, որ նախատեսում է մինչեւ փետրվարի 24-ն (Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցը) այցելել Կիեւ։
Չնայած Իտալիայի կառավարող կոալիցիայում այս հարցի շուրջ առկա տարակարծություններին եւ ոչ միանշանակ հանրային կարծիքին՝ Մելոնին կողմնակից է Ուկրաինային աջակցությանը։
Իտալիայի նախկին վարչապետ, Forza Italia պահանողական կուսակցության (որը մտնում է Մելոնիի կոալիցիայի մեջ) առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին անցած շաբաթ ասել էր, որ մեղադրում է Ուկրաինայի նախագահին Ռուսաստանի դեմ պատերազմի համար, եւ եթե ինքը Մելոնիի տեղը լիներ՝ չէր հանդիպի Զելենսկու հետ։
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որի մասն է կազմում Forza Italia-ն, ուրբաթ հայտարարել է, որ չեղարկում է հունիսին նախատեսված միջոցառումը Նեապոլում՝ Ուկրաինայի մասին Բեռլուսկոնիի արտահայտությունների պատճառով։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիա Տայանին՝ Forza Italia-ի հիմնադիրներից մեկը, շաբաթ օրն ասել էր, որ հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ Մյունխենում, «Մեծ յոթնյակի» հանդիպման շրջանակում, եւ հավաստիացրել Իտալիայի աջակցության մասին։
Իտալիան եւ Ֆրանսիան վերջերս ավարտել են բանակցությունները Կիեւ հակաօդային պաշտպանության արդիական համակարգեր մատակարարելու մասին։





























